Այսօր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի նորաբաց Ground Zero վենչուրային սրճարանում, հանդիպել է ինժեներական համայնքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
«Վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Վստահ եմ, որ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը։
Անդրադառնալով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ կարևորել եմ Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։
Նշել եմ, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են»,- գրել է նախարարը։