Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Ժնևում երկկողմ հանդիպմանը քննարկվելիք հարցերին, ինչպես նաև մարտի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստմանը: Զելենսկին հույս է հայտնել, որ այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի երեք երկրների ղեկավարների հանդիպումը: Հեռախոսազրույցին մասնակցել են նաև ամերիկյան կողմի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները:
Ըստ Axios-ի աղբյուրների՝ Զելենսկին Թրամփի հետ զրույցում հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի այս տարի, ԱՄՆ նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ քննարկվող հարցերի շրջանակը հաջողվել է նեղացնել, մնացել են միայն չափազանց բարդ հարցերը: Մարկո Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա, նաև սպառազինություն է վաճառում Ուկրաինային:
Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները: Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածի տակ են հայտնվել Կիևը, Խարկովը, Պոլտավան, Կրիվոյ Ռոգը և Զապորոժիեն:
Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է երկինք բարձրացրել, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերը բերվել են պատրաստության բարձր վիճակի:
Ռուսաստանն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 17 ԱԹՍ խոցելու մասին: