Հայաստանը, որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր, ակտիվ աշխատանքներ է իրականացնում բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ՝ հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ խորհրդարանից տեղեկացնում են նաև, որ փետրվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այդ մասին ասել է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիթեզի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ հանդիպման ընթացքում:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ համայնքային այցելությունների օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերելի հարցերը: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործընկերների հետ համատեղ Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզերում կազմակերպվել են «Համայնքների կարիքների վերաբերյալ կլիմայի մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համատեքստում» խորագրով քննարկումներ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքներից մեկն է, և այս համատեքստում, կարևորել է կանաչ օրակարգի առաջնայնությունը: Նա արժևորել է «Քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիայի ընդունումը, որի նպատակն է խստացնել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարը, ընդլայնել և խորացնել ազգային ու միջազգային համագործակցությունը:
Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով կոնվենցիայով նախատեսվող իրազեկվածության բարձրացման դրույթին, նշել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ կազմակերպելով տեղեկատվական և իրազեկման արշավներ՝ բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն կատարում է իր հանձնառությունները՝ ուղղված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի դրույթների ու պահանջների լիարժեք իրականացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը ստորագրել է նաև Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիան: Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ այն միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որի նպատակն է ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում:
Ռաֆայել Բենիթեզը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կատարված աշխատանքները մանրամասն ներկայացնելու համար: Նա նշել է, որ նմանօրինակ առանցքային ծրագրերի իրականացման համար ցուցաբերվելու է շարունակական աջակցություն:
Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: