ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, որ անձանց հաշվառման կարգը սահմանված է Կառավարության համապատասխան որոշմամբ և որևէ փոփոխություն չի կրել՝ բացառությամբ էլեկտրոնային դիմումների հնարավորության ներդրման։ Ծառայությունից ընդգծում են, որ հաշվառումները չեն չեղարկվում առանց գրավոր դիմումի, իսկ տարբեր տարիներին կատարված հաշվառումները որևէ առնչություն չունեն առաջիկա ԱԺ ընտրությունների հետ, քանի որ ընտրելու իրավունքը պայմանավորված է միայն տարիքով և ՀՀ քաղաքացիությամբ։
«Պարզաբանում ենք, որ անձին հաշվառելու ընթացակարգերը և անհրաժեշտ փաստաթղթերը կանոնակարգվում են ՀՀ Կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ։
Անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել երկու եղանակով՝
1. բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ (տվյալ դեպքում փաստացի բնակության հանգամանքը չի ստուգվում),
2. փաստացի բնակության հիմունքներով։ Այս դեպքում անձը գրավոր հայտնում է իր բնակվելու հասցեն լիազոր մարմնին՝ դիմելով տվյալ հասցեում հաշվառվելու համար։ Անձի՝ դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից: Այս դեպքում հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը ոստիկանության կողմից ՄՔԾ բաժին տրամադրվելուց հետո:
Նշենք, որ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն կարող է ներկայացվել։ Նման դեպքում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին (մասնավորապես՝ նշելով շենքը կամ փողոցը)։
Հարկ ենք համարում ընդգծել, որ հաշվառված անձը (եթե վերջինս չունի տվյալ հասցեի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք) հանվում է հաշվառումից սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում, ինչպես նաև սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։
Հավելենք նաև, որ 25․12․2025 թ․ ընդունված ՀՀ Կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշման մեջ կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվառման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, իսկ հաշվառման կարգը՝ վերոգրյալ պարզաբանումների շրջանակում, փոփոխության չի ենթարկվել։
Ուշադրություն. որևէ հաշվառվում չի չեղարկվում/փոփոխվում մինչև որ դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից։ Դիցուք, եթե տեղի է ունեցել բնակելի տարածքի առուվաճառք, տվյալ տարածքում հաշվառված անձանց հաշվառումները պահպանվում են, եթե նոր սեփականատերը չի դիմում լիազոր մարմնին վերջիններիս հաշվառումից հանելու պահանջով։ Մեկ այլ օրինակ է, երբ փաստացի բնակության հիմքով հաշվառված անձը փոխում է իր բնակության վայրը։ Տվյալ անձի հաշվառումը նույնությամբ պահպանվում է նախկին հասցեում, եթե ոչ բնակելի տարածքի սեփականատերը, ոչ էլ հաշվառված անձը չեն դիմում լիազոր մարմնին համապատասխան փոփոխությունները կատարելու համար։
Այսօր մեդիա տիրույթում տարածում ստացած գրառումներից մեկում նշվում էր անծանոթ անձանց հաշվառված լինելու փաստի մասին։ Հայտնում ենք, որ դրանք տարբեր տարիների՝ 2006-2019 թթ-ին կատարված հաշվառումներ են, և առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապելու որևէ հիմք չկա։
Մասնավորապես, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար անձի ընտրելու իրավունքը ձևավորվում է բացառապես 18 տարին լրացած լինելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, հաշվառումը չի ազդում ընտրելու իրավունքի վրա։
Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլատիվ և սադրիչ բովանդակությամբ գրառումներ հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրությունում։