Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:
Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:
Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեհաստան այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բուոնսկայի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: