Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունում:
«Նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։
Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի քան 8 գրամ։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։