ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են հանրային ծախսերի կառավարման գործընկերային ուսուցման ցանցի (PEMPAL) գանձապետական փորձի համայնքի (TCOP) կողմից Բուխարեստում կազմակերպված դրամական միջոցների կառավարման և կանխատեսման, ինչպես նաև գանձապետական գործառույթներում ՏՏ կիրառման վերաբերյալ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ինչպես Ռումինիայի, այնպես էլ մասնակից երկրների՝ գանձապետական գործառնությունների զարգացման, կանխիկի կառավարման ամրապնդման, ինչպես նաև պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականության հետ դրա կոորդինացման փորձին:
Միջոցառման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը հանդես է եկել թեմատիկ շնորհանդեսով՝ ներկայացնելով Հայաստանի փորձն ու ոլորտում կիրառվող մոտեցումները։ Նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև գանձապետական համակարգի արդիականացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնություններին և արձանագրված առաջընթացին։