Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ներկայացվել է Պրոբացիայի ծառայության 2025 թ. գործունեության հաշվետվությունը։
Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը զեկուցել է՝ 2025 թ. վարույթների քանակը կազմել է 24311՝ նախորդ տարվա 15525-ի համեմատ։ Ծառայության շահառուների թիվը կազմել է 20132, մինչդեռ նախորդ տարի այն եղել է 13212։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ծառայության կողմից 2025 թ․ կազմվել է 901 զեկույց, որոնցից 648-ը դատարաններում դարձել են քննարկման առարկա։ Արդյունքում պայմանական վաղաժամկետ ազատվել է 118 դատապարտյալ։
Ձեռք է բերվել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որոնցից 729-ը՝ վարչական հսկողության, իսկ 30-ը՝ տնային կալանք խափանման միջոցի կիրառման համար։
Ծառայության միջնորդությամբ և իրականացված վերասոցիալականացման միջոցառումների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 5 շահառու, որոնցից մեկը՝ Պրոբացիայի ծառայությունում։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են կրթական դասընթացներ՝ ծրագրավորման հիմունքներ, անգլերեն լեզու, ընդհանուր հոգեբանություն։ Դասընթացներին մասնակցել է 36 շահառու, իսկ շուրջ 1224 շահառու մասնակցել է կրթական, մշակութային և մարզական միջոցառումներին։
Նախանշվել են նաև Ծառայության 2026 թ. առաջնահերթությունները, մասնավորապես՝ տարածքային մարմիններում նույնականացման սարքերի տեղադրում, արխիվային փաստաթղթերի թվայնացում, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործում և այլն։
Ծառայության կողմից տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների պատշաճ կատարման ապահովման նպատակով 2026 թ. նախատեսվում է ձեռք բերել 425 էլեկտրոնային հսկողության սարք, որոնցից 183-ը՝ տնային կալանքի, իսկ 242-ը՝ վարչական հսկողության իրականացման համար, ինչպես նաև տուգանքների վճարման արդյունավետ մեխանիզմի ներդնում՝ վճարային տերմինալների միջոցով: Սրբուհի Գալյանը կարևորել է ներկայացված աշխատանքը՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքի ծավալի էական աճը և գործառույթների ընդլայնումը պայմանավորված են Ծառայությանը վերապահված նոր լիազորություններով, ինչպես նաև դրանց արդյունավետ և պատշաճ իրականացմամբ։
Նախարարը կարևորել է նաև նոր կադրերի ներգրավումն ու Ծառայությունը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող, որակյալ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ նա ընդգծել է առկա համակարգային խնդիրների համակողմանի վերհանման և դրանց լուծման ուղղությամբ հետևողական ու համալիր քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։