ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին հանդիպել է «Եվրամիությունը և նրա Արևելյան հարևանները: Իրավունք, քաղաքականություններ և քաղաքականություն» միջազգային դասընթացի մասնակիցների հետ, որոնք Երևանում են ակադեմիական ուսումնական այցի շրջանակում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը կայացել է Եվրասիական միջազգային համալսարանի ԵՄ իրավագիտության և իրավական եվրոպականացման Ժան Մոնե ամբիոնի կազմակերպած ծրագրի ինստիտուցիոնալ ներգրավման բաղադրիչի ձևավորված մասի հետ:
«ԵՄ-ն և նրա Արևելյան հարևանները: Իրավունք, քաղաքականություններ և քաղաքականություն» դասընթացի նպատակը ԵՄ արտաքին գործողությունների ուսումնասիրությունն է Արևելյան գործընկերության առանցքային հիմնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերակատարների հետ՝ ակադեմիական ուսումնասիրությունը և քաղաքականության պրակտիկան միավորելու նպատակով:
Հանդիպումն ուսանողներին և սկսնակ մասնագետներին հնարավորություն է տվել ծանոթանալու Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափին:
Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները՝ ուշադրությունը կենտրոնացնելով Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԵՄ օրենսդրության մոտարկմանը, օրենքի գերակայության և կառավարման բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առաջխաղացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել տարբերակված ինտեգրման, սահմանադրական վերափոխման և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ներքին օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացում առկա մարտահրավերների վերաբերյալ: