The Times-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տվել, որ Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում և Անգլիայի Ֆեյրֆորդում գտնվող իր ռազմաբազաները, որտեղ պարբերաբար տեղակայվում են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, օգտագործեն Իրանին հարվածելու համար։
Լոնդոնի և Վաշինգտոնի միջև երկարամյա համաձայնագրի համաձայն՝ այդ բազաները երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար կարող են օգտագործվել միայն Միացյալ Թագավորության կառավարության համաձայնության դեպքում:
Մինչդեռ ԱՄՆ նախագահը որոշել էր դրանք օգտագործել «Իրանի կողմից հնարավոր հարձակման սպառնալիքը վերացնելու համար»:
Ըստ պարբերականի՝ բրիտանական օբյեկտների օգտագործման շուրջ տարաձայնության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է աջակցել Չագոս կղզեխմբի գործարքին, որի կազմի մեջ է մտնում Դիեգո Գարսիա կղզին:
2025 թվականի մայիսին Սթարմերը ստորագրել էր համաձայնագիր, որով Չագոս կղզեխմբի նկատմամբ ինքնիշխանությունը փոխանցվում է Մավրիկիային։ Փաստաթղթի համաձայն՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջինը 101 միլիոն ֆունտ ստեռլինգ է վճարելու Մավրիկիային՝ Դիեգո Գարսիայի ռազմական բազան շահագործելու համար, որը, ենթադրաբար, կտևի 99 տարի։ Թրամփը դա համարել էր մեծ սխալ: