Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները: Առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ Կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական: Այս մասին Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան փոփոխությունները:
Հիմնական փոփոխությունները, ըստ նախարարի, վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին:
«Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»,- ասաց նա:
Գործող կարգավորումների համաձայն՝ սուբվենցիայի հայտերի ձևավորման համար ընտրվում են այն առաջարկ-նախագծերը, որոնք ստացել են առավելագույն քվե, սակայն ոչ պակաս, քան համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 1 տոկոսը։ Նախագծով առաջարկվում է սահմանել շեմերի տարբերակում՝ ելնելով առաջարկ-նախագիծն ընդգրկող բնակավայրի չափից։ Մասնավորապես, սահմանվում են հետևյալ շեմերը. եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում, ապա բնակչության 1 տոկոսը, եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում, ապա՝ 2 տոկոսը։
Նախագծով նախատեսվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ այն չի ավարտվում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։
«Նախատեսվում է հնարավորություն տալ ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրն առնվազն 70 տոկոսով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ: Արդեն սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով»,- ասաց նա:
2026 թվականից, ըստ նախարարի, մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական և տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով: Գործընթացը համայնքներում սկսվում է նախորդ բյուջետային տարվա ընթացքում, իսկ սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մինչ մարտի 1-ը, ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն: