Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից։
Ողջունելով միության անդամներին և համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի 25-ամյակը խորհրդանշում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայացման ու հասունացման ճանապարհը: Նրա խոսքով՝ եթե 25 տարի առաջ միության հիմնադրման պահին ոլորտը դեռևս ձևավորման սկզբնական փուլում էր, ապա այսօր իրականությունը լիովին այլ է. Հայաստանն ունի հարյուրավոր տեխնոլոգիական ընկերություններ, հազարավոր որակյալ ինժեներներ և միջազգային շուկայում մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանը բացառիկ է համարել ԱՏՁՄ-ի դերը՝ որպես տեխնոլոգիական համայնքը միավորող և զարգացնող առանցքային հարթակ։
Անդրադառնալով ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ Ռուբեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը թևակոխում է տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։ Վերջին տարիների հաջողությունների շարքում նա առանձնացրել է մասնավոր հատվածի հետ ակտիվ գործակցությամբ ընդունված նոր օրենսդրական կարգավորումները և միջազգային հեղինակավոր աքսելերատորների, մասնավորապես, Plug and Play-ի մուտքը հայաստանյան շուկա։
Նրա խոսքով՝ պիլոտային ծրագրից անցում կատարելով երկարաժամկետ համագործակցության՝ Երևանում արդեն գործում է Plug and Play-ի ներկայացուցչությունը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ստարտափ էկոհամակարգի զարգացման համար։
Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ օգոստոսի 8-ին ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցը նոր հեռանկարներ են բացել երկրի տեխնոլոգիական զարգացման համար։ Նրա գնահատմամբ՝ ձևավորվել է փոխադարձ վստահության միջավայր, որի շնորհիվ Հայաստանը միջազգային տեխնոլոգիական հարթակում դիտարկվում է որպես վստահելի և լիարժեք գործընկեր։
Սիմոնյանը հավելել է, որ արհեստական բանականության արագ զարգացող իրականությունում մրցակցությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից և դարձել գլոբալ։ Այս պայմաններում հաջողության հիմքում որակյալ աշխատանքը, համագործակցությունը և հասարակության հանդեպ պատասխանատվությունն են։
Ելույթի ավարտին Ռուբեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՏՁՄ հիմնադիրներին և անդամներին 25 տարվա հետևողական աշխատանքի համար՝ կարևորելով առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ձևակերպելու և համատեղ գլոբալ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը։