Ուզում եմ արձանագրել, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը շատ օգտակար գործ արեց, բայց ակամա: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 12-ի նիստին հայտարարեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում:
«Գնալով սկսում եմ համոզվել՝ Դաշնակցության մոտ լավ գործերն ակամա են ստացվում, բայց ինչևէ, շնորհակալություն: Որովհետև եթե Հակոբ Մովսեսի այդ հայտնի հարցազրույցը նայել էր իքս թվով մարդ, ապա այդ քննարկումը վստահաբար կդառնա մեր այս գումարման խորհրդարանի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը, որը ժամանակ առ ժամանակ մարդիկ կվերանայեն»,- նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության կողմից կարմիր թելի պես հնչող մտքերին, թե իրենք պատրաստվում են փակել այն, Կոնջորյանը հավաստիացրեց՝ իրենք չեն պատրաստվում փակել կուսակցությունը:
«Չերազե՛ք, մենք ձեզ բացելու ենք, և մենք ձեզ բացել ենք: Ձեր պրոբլեմը հենց այն է, որ այդ միտքը բաց հնչել է: Հակոբ Մովսեսն ի՞նչ է ասել, միտք է ասել, և Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով»,- նշեց Կոնջորյանը՝ նկատելով, թե երեսպաշտություն է զգում Դաշնակցության՝ Սահմանադրությունը փրկելուն ուղղված այս գործողություններում:
«Ես գտա այդ երեսպաշտության ամենավառ ապացույցը, որ հիմա ձեզ ցույց կտամ և կհիշեցնեմ, հարգելի՛ գործընկերներ: Դուք ասում եք՝ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը պետք է լինի քաղաքականապես զուսպ, և նա խախտել է քաղաքական զսպվածությունը: Բա եթե էդպես է, «Հայաստան» խմբակցությունը ոնց էր առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Դուք Ռուբիկ Հակոբյանի քաղաքական զսպվածության ո՞ր կողմով էիք գայթակղվել, սիրելի՛ դաշնակցականներ: Ռուբիկ Հակոբյանի ինտելեկտուալ որ բարեմասնությունն էր ձեզ հատկապես գայթակղել, որ դուք նրան առաջադրում էիք որպես ՀՌՀ անդամի ապագա պաշտոնյա, և դուք պատրաստվում էիք ընտրել, չէ՞, նրան: Սա՛ է ձեր երեսպաշտության ամենավառ ապացույցը, հարգելի՛ գործընկերներ»,- ասաց Կոնջորյանը:
Նա հիշեցրեց՝ Ռուբիկ Հակոբյանը ՔՊ-ի մասին ասում է այնպիսի բաներ, որ Հակոբ Մովսեսը երբեք չի կարող ասել որևէ մեկի մասին ու որևէ կուսակցության հասցեին: