Հաճույքով եմ ուզում արձանագրել, որ 2026-ի հունվարին մենք զբոսաշրջության բացարձակ ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների հունվար ամսվա համեմատությամբ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 12-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնեց, որ նախորդ տարի՝ մայիսից սկսած, միայն սեպտեմբեր ամիսն է եղել, որ բոլոր այդ ամիսների մեջ 2025 թվականի ցուցանիշը լավագույնը չի եղել, սեպտեմբերի դեպքում 2023-ի սեպտեմբերին է եղել:
«Հունվարի դեպքում ռեկորդը թարմացվեց, և 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ: Նախորդիվ լավագույն ցուցանիշները եղել են հերթականությամբ 2023-ին, 2024-ին, 2025-ին, այնուհետև՝ 2020-ը, 2019-ը, և այսպես շարունակ: 179,400 զբոսաշրջիկ հունվար ամսին երբևէ չի եղել Հայաստանում: Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20 հազարով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշից մենք 40 հազարով ենք ավելի, այսինքն՝ այս հունվարին 29 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել, քան անցած հունվարին»,- ասաց նախարարը:
Փաշինյանը նշեց, որ հաճույքով է արձանագրում, որ 2025 թվականն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն է:
«Սա նշանակում է, որ 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Բայց, բացի ՀՀ քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025-ի արդյունքներով այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23 հազարով գերազանցել է նախորդող շրջաններին, այսինքն՝ ամենաշատ թվով այցելուներն ենք ունեցել: Դա տեսանելի էր նաև Ամանորի տոնակատարությունների ժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այսուհետ Ամանորի տոնակատարությունները պետք է դիտարկել որպես զբոսաշրջային ապրանք: