Ամփոփելով նախորդիվ ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ:
«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասաց նա:
Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի:
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:
Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:
«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- ասաց նա:
Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ վերաբերում է այլ կառույցներին, այս դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեց նաև 7 տարի առաջ տեղի ունեցած՝ պետական դրոշի հետ կապված դեպքը՝ հավելելով, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս փոփոխություններ են կատարվել պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար:
«Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է: Էական չէ, թե որտեղ է հնչում, ինչ առիթով է հնչում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խնդրել նաև Հանրային հեռուստաընկերությանը՝ փոխել ՀՀ օրհներգի «հնամաշ» հոլովակը:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հոլովակի մասով սցենարային առաջարկը կա, և առաջիկայում այն կկիրառվի: