Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի հետ կապված համաձայնագրի նախագծի մասով մեր դիտարկումները: Համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական գնահատումը:
Ըստ Փաշինյանի՝ շարունակվում է համագործակցությունը նաև միջուկային էներգետիկայի ոլորտում: Այս մասով մի քանի գործընկերների հետ երկխոսություն կա, և որոշումը կկայացվի այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին:
Հաջորդ կարևոր խնդիրը սահմանների կառավարման հետ է կապված: Փաշինյանը տեղեկացրեց, որ ՆԳ նախարարի հետ այսօր աշխատանքային քննարկում է ունեցել, և խնդիր է առաջադրվել, որ այն պահից, երբ Հայաստանում կգործեն կենսաչափական անձնագրերը, իսկ դա նախատեսվում է 2027 թվականի աշնանը, օդանավակայանում և բոլոր կետերում կսկսեն գործել անհպում անցման ուղիներ: Այսինքն՝ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիներն իրենց անձնագրերով, առանց կոնտակտի, օդանավ կմտնեն, դուրս կգան կամ սահմանը կհատեն:
«Ի՞նչ է պետք դրա համար, դրա համար պետք էր, որ ԱՄՆ-ն, որն այդ տեխնոլոգիաներին տիրապետում է, այդ տեխնոլոգիաները կիսի մեզ հետ:
Երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել ենք այս թեման, և մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաները կկիսվեն Հայաստանի հետ:
Նաև շնորհակալ եմ ԱՄՆ փոխնախագահին դրա համար: Դրանից առաջ էլ շնորհակալ եմ ԱՄՆ նախագահին, ում հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցինք մտադրությունների հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման մասին, որում սահմանների կառավարման աջակցության մասին ընդգծված էր»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը տեխնիկական միջոցների տրամադրման մասին է, որոնք գերժամանակակից ճշգրիտ միջոցներ են, ապա հույս հայտնեց, որ տարեվերջին դրանք հայկական կողմը կունենա: