Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայումս համապարփակ կերպով կարգավորված չեն:
«Անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցեր առհասարակ բաց են մնացել, իսկ որոշ հարցեր թեև պարբերաբար իրավական ակտերում ստացել են որոշակի կարգավորումներ, սակայն թերի են և չխմբավորված:
Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- տեղեկացրեց արդարադատության նախարարը՝ ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները:
Նախագծով սահմանվելու է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ:
«Եթե հակիրճ, ապա այդպիսիք են հանդիսանում զինծառայողը, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում»,- ասաց Գալյանը:
Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը, մասունքները ստանալու իրավունքը և այլն:
Անհրաժեշտություն կա առանձին իրավական ակտի տեսքով անդրադարձ կատարել բարձրացված խնդիրներին՝ սահմանելով հստակ օրենսդրական կարգավորումներ, տարբեր իրավական ակտերում հպանցիկ կերպով կարգավորում ստացած հարցերը կանոնակարգել օրենքով՝ որոշակի և համակարգված ձևաչափով, իրավական ակտում ամրագրել անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ դա ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ:
Ոչ պակաս կարևոր է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ:
Ընդ որում՝ միասնական բազայի ստեղծումը և վարումն առաջին հերթին պետք է սկսել անհայտ կորած անձանց իրավական սահմանումից, այսինքն՝ նախ օրենսդրորեն սահմանել, թե ով պետք է համարվի անհայտ կորած ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում, որպեսզի հնարավոր լինի դասակարգել նման դեպքերը և վարել նման դեպքերի առանձին ընդհանուր ռեգիստր:
Նշվածի նպատակն է ձևավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը պարունակում է տեղեկատվություն անհայտ կորածների մասին, ինչպես նաև անձանց անհայտ բացակայող կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության կամ բացակայության մասին: Միասնական բազայի ստեղծումը կնպաստի քննարկվող անձանց վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ վիճակագրության վարմանը:
Դրույթներ են նախատեսվել Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շահառուների կողմից վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաև աջակցության գումարի տրամադրման իրավունքի վերաբերյալ, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով: Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները և այլ վերաբերելի դրույթներ:
Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաև նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաև դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաև «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում և այլն:
Նախագծերի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ՝ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը: