Նախագծերով քաղաքացիական և վարչական գործերի քննության համար առաջին ատյանի և վարչական դատարաններում նախատեսվում է գործի քննության 6-ամսյա հիմնական ժամկետ, որը կարող է երկարաձգվել միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ քաղաքացիական գործերով մինչև 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 3 ամիս ժամկետով, իսկ վարչական գործերով՝ մինչև 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 6 ամիս ժամկետով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Որպես ընդհանուր կանոն՝ սահմանվել է, որ գործը քննող դատավորի կամ դատական կազմի փոփոխության դեպքում դատաքննությունը շարունակվելու է այն պահից, որտեղ ընդհատվել էր: Եթե դատաքննությունն ավարտված է, ապա քննությունը վերսկսվելու է դատաքննության փուլից:
Գործի քննությունը սկզբից սկսելու տարբերակը կիրառվելու է միայն այն դեպքերում, երբ դրա խիստ անհրաժեշտությունն առկա է, և դատավարության մասնակիցները կարող են միջնորդել դատարանին՝ փոփոխելու իրենց որոշումը գործի հանգամանքներով պայմանավորված:
Դատավորի փոփոխության դեպքում, եթե կա կողմերի համաձայնությունը, դատարանը կկարողանա օրենքով սահմանված կարգով նախկինում հետազոտված ապացույցները հիմք ընդունել առանց դրանց կրկնակի ուսումնասիրության՝ խնայելով ժամանակը:
Բացի այդ, հիմք ընդունելով ՍԴ իրավական դիրքորոշումները՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել դատավարական օրենսդրության այն դրույթները, որոնք լիազորում են դատարաններին՝ մերժելու նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոքը, եթե մարդու իրավունքների խախտումը հաստատած միջազգային դատարանի վճիռը, ըստ դատարանի, չէր կարող ազդել գործի ելքի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Ներկայացնելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է, մասնավորապես, որոշ գործերի պատճառով վարչական դատարանների ծանրաբեռնվածության մասին: Պատգամավորը հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այս առումով ավելի արդյունավետ դրույթներ կառաջարկվեն:
Եզրափակիչ ելույթում Տիգրան Դադունցն անդրադարձել է վարչական դատարանների ծանրաբեռնվածության մասով մտահոգություններին և նշել, որ այդ նպատակով նախաձեռնությամբ տարբերակում է դրվել. վարչական ու քաղաքացիական դատավարություններում գործի քննության առավելագույն ժամկետները տարբերվելու են: Ներկայացվել են նաև այլ լավարկումներ՝ ուղղված վարչական դատարաններում գործերի քննության թեթևացմանը: Վարչական դատավարությունում գործարկվել է գործերի քննության էլեկտրոնային համակարգը: Մեկ այլ նախագծով առաջարկվել է սահմանափակել մինչև 300.000 դրամ տուգանքներով պետական մարմինների կողմից դատական ակտերի բողոքարկումը վերաքննիչ ատյան, ինչը նշանակում է, որ այդ մարմինները պետք է ավելի պատշաճ վարչարարություն իրականացնեն այն գիտակցմամբ, որ իրենց դեմ կայացված դատական ակտերն այլևս չեն կարողանալու բողոքարկել: