ՀՀ հողային օրենսգրքում սահմանված են քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերը: Կառավարության հեղինակած նախագծով ամրագրվում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, որոնք նպատակային և գործառնական նշանակության փոփոխմամբ պայմանավորված այլևս չեն հանդիսանա օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, կարող են օտարվել համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասն այդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ՝ օրենքը կվերաբերի դեռևս չօտարված այն հողամասերին, որոնց նպատակային ու գործառնական նշանակությունը քաղաքաշինական և հողաշինական փաստաթղթերով փոփոխվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 10-ի ԱԺ նիստում: