Նախագծով առաջարկվում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, որով սահմանված է, որ պետության և համայնքային սեփականության պատկանող հողամասերը սեփականոթյան իրավունքով անհատույց կարող են տրամադրվել ՀԱԵ-ին՝ եկեղեցիների և եկեղեցապատկան շինարարության, դրանց սպասարկման համար: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Առաջարկվում է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
«Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս պետությունը քաղաքակություն է իրականացնում, որն ուղղված է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նպատակային ու արդյունավետ իրագործման ուղղությամբ: Այս փոփոխությունն անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում:
Տարընկալումներից խուսափելու նպատակով ուզում եմ հստակ արձանագրել, որ սա տարածվել է միայն օրենքն ընդունվելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Մինչ օրենքի ընդունումը սեփականւթյան իրավունքով անհատույց փոխանցված հողամասերը շարունակելու են սեփականության իրավունքով մնալ եկեղեցունը»,- ասաց փոխնախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ցայսօր քանի՞ դեպք է եղել, որ Մայր Աթոռը հողակտորը ոչ նպատակային է օգտագործել:
Փոխնախարարը պատասխանեց՝ նման դեպք արձանագրվել է Վանաձորում: Գուգարաց թեմի հասարակական շինության համար հողամաս է հատկացվել, որը չի օգտագործվել, ինչի արդյունքում պետությունը զրկվել է այն տնօրինելու իրավունքից: