Փետրվարի 10-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով ամրագրված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նիստում քննարկվել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել: Անդրադառնալով օրենքում նախատեսվող փոփոխության առնչությամբ հանրության շրջանում որպես քննադատություն կամ անհամաձայնություն հնչած տեսակետներին՝ հեղինակն ընդգծել է, որ առաջարկվող մոդելը ո՛չ համաներում է և ո՛չ էլ գումարի դիմաց հարցի լուծում: «Սա ծառայության այլընտրանք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ինչպես նաև ապահովում է ծառայություն և պետական մուտքեր»,- նման կարծիք է հայտնել զեկուցողը և հավելել, որ հեշտ լուծումը՝ համաներումն է, պետական լուծումը՝ կանխատեսելի, արդար և պատասխանատվության վրա հիմնված օրենքը:
Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Կառավարությանը դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Հաջորդիվ պատգամավորները քննարկել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց առնչվող նախագիծը: ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:
Պատգամավորն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության, ինչպես նաև ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Նա ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը որևէ առաջարկ չի ներկայացրել: Զեկուցողը կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախաձեռնությունը վերաբերում է խմելու և ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցմանը և օրենսդրությամբ դրանց համար լիազորող նորմ սահմանելուն:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկված հաջորդ նախաձեռնությամբ էլ առաջարկվում է հստակեցնել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:
««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Մասնավորապես, առաջարկվում է օրենքով նախատեսել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների հիմնավորվածության բարձրացմանն ուղղված կարգավորումներ` օրենքով սահմանելով հանրության գերակա շահ ճանաչելու որոշումների կայացման մեթոդաբանությունը և կատարելագործել նշված որոշումների բովանդակությանն առաջադրվող պահանջները:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացված փոփոխությունների հիման վրա փաթեթը լրամշակվել է:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հայտնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և կոչ արել կողմ քվեարկել: