Առաջարկվում է բացառել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կասեցման հնարավորությունը: Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ երբեմն մասնակիցները փորձում են խոչընդոտել մրցույթի անցկացումը դատական գործընթացներով: Նման իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում են կարգավորումներ: Ըստ այդմ՝ եթե իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության մրցույթ, ապա դատարանը չի կարող կիրառել այնպիսի հայցի ապահովում, որի արդյունքում մրցութային գործընթացը կկասեցվի:
Նախատեսվում է նաև ներգրավել խաղային գործունեության ոլորտի օպերատոր, որը կարգավորելու է ոլորտի թվային գործունեությունը:
«Այս կարգավորման գործարկմամբ հնարավորություն կունենանք վերահսկել բավականին դետալացված տարբեր տեսակի եկամուտներ, խաղադրույքներ, որոնք մեր գործընկերներն ունենում են:
Եթե առարկայական համեմատական տանենք, դա ոնց որ ՀԴՄ սարք դնենք խաղատների համար: Պարզունակացնում եմ, որպեսզի հասկանալի լինի: Ըստ էության, թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ ամեն խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, և ՊԵԿ-ը կունենա համապատասխան տեղեկատվություն»,- ասաց նա: