Ծրագիրն իրականացվելու է բացառապես Հայաստանի մարզերում: Սա Հայաստանի տարածքների համաչափ խթանման, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագիր է: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ ստեղծվելու են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ՝ 24,101 մլն-ը համաֆինանսավորելու է ՀՀ Կառավարությունը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից 4 ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից:
Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, առաջին մարումը կատարվելու է 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման և մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին և դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25 տոկոսի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի:
Նախարարը նշել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ և գործիքներ ավելանալ: Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը: Հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հարցը քննարկվել է փետրվարի 9-ին:
Հանձնաժողովը քննարկել է նաև Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2025 թվականի տարեկան հաշվետվությունը: Կատարած աշխատանքները մանրամասնել է բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը: Նշվել է, որ գրասենյակի գործունեությունը միտված է եղել ոչ միայն տեղեկատվության տրամադրմանը, այլև Ազգային ժողովի վերահսկողական, վերլուծական և խորհրդատվական գործառույթների շարունակական ամրապնդմանը՝ ապահովելով բյուջետային գործընթացների առավել թափանցիկ և տվյալահենք քննարկում:
Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: