Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով, իրենք մեզ են երկար ցանկ տվել, մենք՝ իրենց, և գործարար միջավայրը, կարծում ենք, ժամանակի ընթացքում կարձագանքի: Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս ընթացքում ինչ ապրանք է Հայաստանից ներմուծվել Ադրբեջան:
«Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ինչպես մեր շուկան՝ իրենց համար, այնպես էլ իրենց շուկան՝ մեզ համար, և սրա համար ժամանակ է պետք: Դա այնպիսի գործընթաց է, որն ավելի շատ մասնավոր հատվածի դաշտում է:
Պետությունը ստեղծում է պայման քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհների բացվելով, երկաթուղու գործելով և այլն: Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չէ: Օրինակ՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա, և մի քանի տարի անց դա կլինի. նկատի ունեմ TRIPP-ի գործարկումը: Մինչ այդ կարող է նաև այլ գործիքակազմ աշխատել կամ ճանապարհների ուղիղ հաղորդակցություն: Չնայած մենք բացել ենք, բայց նրանք դեռ չեն օգտվում ճանապարհներից, որպեսզի ապրանք տանեն շուկա և հակառակը: Այնպես որ, սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է»,- ասաց նա:
Նախարարը նաև նկատեց՝ երկու տարի առաջ խոսակցությունն այն մասին էր, որ ամեն պահի կարող է լինել պատերազմ, իսկ հիմա խոսակցությունը փոխվել է, և դա արդեն իսկ շատ լավ է, կարծում է Պապոյանը:
«Երկու տարի առաջ, երբ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունն այն մասին էր, թե կլինի՞ հարձակում, թե՞ չի լինի: Իսկ հիմա հիմնական խոսակցությունն այն մասին է, թե ինչ ապրանք կարելի է վաճառել կամ չվաճառել, կամ բենզինի գինը ինչքանո՞վ իջավ կամ չիջավ:
Պատերազմից խաղաղություն խոսակցությունն արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է, և, բնականաբար, պետք է ավելացնենք, որ մաքսիմալ շատ օգուտներ ունենանք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ ամենամեծ արդյունքն այն է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցել է զրոյի, այնինչ երկու տարի առաջ դա շատ բարձր էր: