ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու որոշմամբ: Դրա փոխարեն նոր կարողություններով համապատասխան ստորաբաժանումներ պետք է ձևավորվեն քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան կարգավորումները:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է 95 լրակազմ ունեցող նոր տեղամաս՝ նորագույն սարքավորումներով, վերանորոգված: Տեղամասն իրականացնում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործառույթները:
Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծով նախատեսվում է բուժական քրեակատարողական հիմնարկ ունենալու պահանջը վերացնել և տալ ավելի լայն կարգավորումներ՝ հնարավորություն ընձեռելով համապատասխան կարողություններ ունեցող քրեակատարողական հիմնարկներում իրականացնել երկարատև բուժման ընթացք պահանջող բուժառուների բուժում:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը պարզաբանել է, որ երկարատև հիվանդանոցային բուժման կարիք ունեցող բուժառուները տեղափոխվելու են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, բայց դրան զուգահեռ ինչպես այժմ, այնպես էլ հետագայում բոլոր քրեակատարողական հիմնարկներում գործելու են բժշկական ստորաբաժանումներ, որոնք ընթացիկ բժշկական սպասարկում ու օգնություն են ցուցաբերելու:
Պատգամավորները հետաքրքրվել են նոր հիվանդանոց կառուցելու հնարավորությամբ, քրեակատարողական հիմնարկների խնդիրների լուծմամբ: Գևորգ Քոչարյանի խոսքով՝ բուժօգնության բարդ դեպքերը կպատվիրակվեն այլ բժշկական հաստատությունների:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: