Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ՓԲԸ-ները, հանդիսանալով շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, պետք է հնարավորություն ունենան ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, որոնք ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությամբ, նրանք պետք է նաև գործադիր մարմիններում աշխատանքային փորձի բավարար պայմանին համապատասխանեն: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:
Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց՝ ըստ ադմ՝ ոչ թե նախատեսվում է կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում: «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ ԲԿ, ամբուլատորիա, ԲՄԿ ՀՀ-ում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել և մեր ֆինանսական միջոցներն ուղղել հենց բժշկական ծառայությունների՝ բարձ որակ ապահովելուն, և ոչ թե, ըստ էության, ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն»,- նշեց Ավանեսյանը: