«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի քուրդ մարտիկները կմիանան կառավարական ուժերին Դեիր էզ-Զոր, Ռաքքա և Հասաքա նահանգներում։ Այս մասին ասված է SDF հրամանատարության՝ X սոցիալական մեդիահարթակում տարածված հայտարարության մեջ։
«Ըստ համաձայնագրի` հունվարի 27-ին Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ կայացած բանակցություններից հետո կստեղծվի ռազմական դիվիզիա, որը կներառի SDF-ի երեք բրիգադ»,- ասվում է հայտարարության մեջ։
Քրդական ինքնակառավարման ինստիտուտները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին, որոնց աշխատակիցներին կերաշխավորվի պետական ծառայողի կարգավիճակ։
Հունվարի 18-ին SDF-ի հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ստորագրել են հրադադարի համաձայնագիր։ Այն, մասնավորապես, նախատեսում է հյուսիս-արևելքում սահմանային անցակետերի և նավթագազային հանքավայրերի նկատմամբ վերահսկողության փոխանցում կենտրոնական իշխանություններին, ինչպես նաև SDF-ի անդամների ինտեգրում սիրիական բանակում և անվտանգության մյուս ուժերում։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչն ավելի ուշ պատմել է, որ սիրիական բանակի հետ դիմակայության ֆոնին հյուսիս-արևելքում գտնվող բանտից փախել է «Իսլամական պետության» մոտ 1500 զինյալ: Նրա խոսքով՝ ազատ արձակվելուց հետո ահաբեկիչները «միացել են հարձակողական խմբավորումներին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում պաշտպանական գործողությունների կենտրոն կկառուցի ռուսական բազաների մոտ։