ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են գյուղատնտեսության ոլորտին, սննդարդյունաբերությանը, ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձին:
Կարևորվել են երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցություն սկսելու հարցը, փոխայցերն ու հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես, խորհրդարանական մակարդակում:
Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբը պատրաստակամություն է հայտնել կիսվել վերոնշյալ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձով, ներկայացրել է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության ոլորտներում Հունգարիայի ձեռքբերումներն ու դրանցում հաջողության հասնելու նախադրյալները:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկխոսության շարունակականությանն ու տարբեր ուղղություններով դրա զարգացման հեռանկարներին:
Արժևորվել է երկու երկրներում դեսպանությունների հիմնումը: