Սաուդյան Արաբիայի Թագավորությունում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի (GLMC) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ֆիլիպինների, Սերբիայի, Լատվիայի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող նախարարների հետ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ Սերբիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի նախարար տիկին Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկու հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ժողովրդագրության ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները․ դիտարկվել է ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Լատվիայի սոցիալական ապահովության նախարար Ռեյնիս Ուզուլնիեկսի հետ հանդիպման շրջանակում քննարկվել է Լատվիայի աջակցությամբ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի նախարար Մոհամեդ Գոբրանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ՀՀ տարածքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» հուշագրի նախագծին, ինչպես նաև ոլորտային ընդհանուր համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերը։
Ֆիլիպինների միգրանտ աշխատողների հարցերով դեպարտամենտի քարտուղար պարոն Հանս Լեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի և աշխատանքային իրավունքի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթությունները, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող թիրախային միջոցառումները։