ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 22-ին այցելել է ՀՀ ԷՆ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, գիտական և լաբորատոր կարողություններին, ինչպես նաև կենտրոնի գիտահետազոտական և անասնաբուժական լաբորատոր հնարավորություններին, որոնք ուղղված են հիմնականում գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությանը, կանխարգելմանն ու վերահսկմանը։
Նախարարին ներկայացվել է կազմակերպության 2025 թվականի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների, ստացված գիտական և գործնական արդյունքների վերաբերյալ։
Քննարկվել են նաև 2026 թվականի համար նախատեսված ծրագրերն ու առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։
Անդրադարձ է կատարվել նաև գիտական կենտրոնի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև առկա համագործակցությանը, տեղեկության փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։