Հիմա քննարկում ենք լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 22-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Անշո՛ւշտ, ենթակառուցվածքը զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել: Գյումրու «Շիրակ» օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է, և այնտեղ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նոր տերմինալներ են կառուցվել: Կարծում եմ՝ այդ օդանավակայանը զարգանալու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Wizz Air-ը Գյումրիից և դեպի Գյումրի թռիչքներ ունի՞: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պատասխանեց. «Լարնակա թռիչք ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը 1 անգամ է: Կարիք կա լրացուցիչ խթաններն օգտագործել «Շիրակ» օդանավակայանն ավելի զարգացնելու համար, մանավանդ որ Հյուսիս-հարավն ամբողջությամբ կառուցված է: Ճիշտ նշվեց, որ Երևանի 9-րդ Մասիվից ավելի ուշ ես հասնում օդանավակայան, քան Գյումրիից «Զվարթնոց»:
Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ Գյումրի-Լառնակա թռիչքի տոմսն ի՞նչ արժե, մարզպետը պատասխանեց՝ շատ դեպքերում 20-30 դոլարով հնարավոր է թռչել, շատ ավելի էժան, քան տաքսիով Գյումրիից Երևան:
ՏԿԵ նախարարի տեղակալը հավելեց՝ երեկ ստուգել է տոմսերի արժեքները, և 17,99 դոլար է եղել Գյումրիից Լառնակա մոտակա ժամանակվա չվերթի գինը:
«Ձմեռային շրջանում նվազեցվել է շաբաթական չվերթների քանակը՝ ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը, ապրիլից սկսած, ավելացնելու է շաբաթական չվերթների թիվը»,- ասաց նա: