Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է եվրոպացի առաջնորդներին, քանի որ նրանք դեմ են Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու՝ Սպիտակ տան մտադրությանը: ԱՄՆ նախագահը վերահաստատել է՝ կղզին կարևոր է ԱՄՆ ազգային և համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու համար:
«Իսկ ԵՄ առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում պատերազմի վրա»,- նշել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է ուժ կիրառել Գրենլանդիան գրավելու համար՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ «առանց մեկնաբանության»։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ վճռական է եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հարցում, եթե նրանք չհամաձայնեն կղզին ԱՄՆ-ին հանձնելու գործարքին։
Նաև Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցը քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Մարկ Ռյուտեի հետ ունեցած հեռախոսազրույցը:
«Դավոսում այդ թեմայով տարբեր կողմերի հետ հանդիպումներ կունենանք: ԱՄՆ-ը, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Մենք միակ երկիրն ենք, որը կարող է խաղաղություն ապահովել ամբողջ աշխարհում, և դա արվում է ուժի միջոցով»,- ընդգծել է Թրամփը Truth Social-ի էջում:
ԱՄՆ նախագահը նաև արհեստական բանականության միջոցով գեներացված հրապարակում է արել՝ ինքը փոխնախագահի և պետքարտուղարի ներկայությամբ Գրենլանդիայում ծածանում է ԱՄՆ դրոշը, իսկ մյուս նկարում՝ հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ՝ քարտեզի ֆոնին, որում Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս է:
Այս լարվածության պայմաններում Դանիան լրացուցիչ ուժեր է ուղարկել կղզի: