Ընդդիմության մի մասը սկսում է կամաց-կամաց փոխել նարատիվը: Ասում են՝ TRIPP-ը այդքան էլ վատ բան չէ, TRIPP-ը լավ բան է, բայց մեզ պետք են ուժեղ բանակցողներ, որ գնան, իրագործեն: Բայց այստեղ մեկ այլ աբսուրդ է գալիս, որ եթե TRIPP-ը լավ բան է, այս իշխանությունն է բանակցել, որ ստանա TRIPP-ը, էլ ո՞նց է ստացվում, որ այս իշխանությունը լավ բանակցող չէ: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին 5 տարիների այն դիտարկմանը, թե Հայաստանը միջանցք է տալու Ադրբեջանին:
«Մեր ընդդիմությունը պրոբլեմ ունի կյանքի իրական, շոշափելի բաների հետ, որովհետև դրանք կարելի է չափել: Օրինակ՝ նրանք անընդհատ ծաղրում են հացահատիկը կամ Ադրբեջանից ներմուծված վառելիքը՝ բենզինը, բայց ընդհանրապես կյանքը մի հատկություն ունի, կյանքը միշտ հաղթում է պաթոսին, և, օրինակ, Ադրբեջանից ներմուծված բենզինը մարդը կարող է լցնել իր մեքենան, և մեքենան կշարժվի, բայց ընդդիմության էժան հայրենասիրությունը ոչ մի տեղ չես կարող լցնել, և ոչ մի բան չի շարժվի էդ էժան հայրենասիրությունից: Ընդհակառակը, ընդդիմության էժան հայրենասիրությունից միշտ կարելի է հետ գնալ, իսկ մենք ուզում ենք, որ մեր պետությունը, մեր երկիրն ու ժողովուրդն առաջ գնան:
Սա ապաշրջափակման կարևոր դրվագներից մեկն է, և ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ պարոն [Արթուր] Խաչատրյանը կամ ընդդիմության մյուս գործընկերները հերթ են կանգնում բենզալցակայանի մոտ, որ դրանից լցնեն, և լավ կլինի, որ լցնեն... Եվ ես վստահ եմ, որ իրենք առաջինն են լինելու և առաջինն են, որ օգտվում են ապաշրջափակման պտուղներից, բայց գալիս և այստեղ էժան ելույթներ են ունենում ապաշրջափակման դեմ»,- ասաց նա: