16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ, որը երազանքի թոշակ չէ, որի համար ես ներողություն եմ խնդրում ձեզնից: Կարծում եմ՝ Ձեր թոշակը շատ ավելի բարձր պետք է լինի և պետք է շատ ավելի բարձրանա, բայց մենք կարողացել ենք 7 տարվա ընթացքում, որպես այդպիսին, այդ թոշակը բարձրացնել 27 հազար դրամով: Այդ մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով թոշակառուներին:
«Գիտե՞ք՝ 6 տարվա ընթացքում՝ 2012-2018 թվականներին, ինչքանո՞վ է նախկին իշխանությունը նվազագույն թոշակը բարձրացրած եղել: 3000 դրամով: 2012-ին եղել է 13000 դրամ, 2018-ին դարձել է 16000 դրամ:
Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, երկու փայլուն, քաղաքական տիտանները գլուխ գլխի են տվել ու ծնել են 3000 դրամի կենսաթոշակի աճ: Մենք այդ նույն ժամանակահատվածում բարձրացրել ենք թոշակը 27000 դրամով ու մեր թոշակառուներին տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն:
Սա, բնականաբար, բավարար չէ, սիրելի՛ թոշակառուներ, բնականաբար, ձեր թոշակը պիտի շարունակաբար բարձրանա, բայց դա ապահովել կարող է միայն այն իշխանությունը, որն արդեն ցույց է տվել, որ 6 տարում կարողանում է 27 հազար դրամ թոշակ ավելացնել, ոչ թե 3000 դրամ»,- ասաց նա: