Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կազմած «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։
Apolitical-ի գնահատմամբ` Մխիթար Հայրապետյանն առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի ձևավորման գործում։ Ընդգծվում է, որ ԲՏԱ նախարարի համակարգմամբ իրականացվում են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական նախաձեռնություններ, այդ թվում՝ Հայաստանում լայնամասշտաբ ԱԲ տվյալների կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մի շարք այլ ԱԲ ծրագրերի իրականացում։ Առանձնացվում է նաև նախարարի հետևողական մոտեցումը արհեստական բանականության գրագիտության հարցում՝ դպրոցներում և բուհերում ԱԲ կրթության համակարգային ներդրման առաջարկը դիտարկելով որպես ապագա մասնագետների կարողությունների զարգացման կարևոր ուղղություն։
Ցանկը ձևավորվել է բազմափուլ գնահատման և ընտրության գործընթացի արդյունքում՝ ընդգրկելով այն պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը և գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը։
«Սա ոչ թե անհատի, այլ ՀՀ կառավարության՝ արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում ունեցած ավանդի միջազգային ճանաչումն է։
Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարար Կլարա Շապազը, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Մասաակի Թաիրան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը, Ավստրալիայի արդյունաբերության, նորարարության և գիտության նախարար Թիմ Այրսը, Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և այլք»,- գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: