Հունվարի 20-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քննարկելով Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելու, այնպես էլ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո գնման գործընթացների կասեցումը բացառելու հանգամանքով: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ եթե գնման գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին, ապա գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների ու որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը: Ընդ որում՝ տեղեկությունը հրավերում կարող է ներառվել Կառավարության նախնական համաձայնության դեպքում:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նա նշել է, որ առաջարկվող կարգավորումները վերաբերում են այն դեպքերին, երբ Կառավարությունը նախապես հայտարարում է, որ տվյալ գնումը հանրային կամ անվտանգության, պաշտպանության ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի պետության համար: Տնտեսվարողները, որոնք նպատակ ունեն մասնակցելու նման մրցույթներին, ի սկզբանե կտեղեկանան, որ աշխատելու է առաջարկվող կարգավորումը: