Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում գործունեություն ծավալող կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկի «Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթ» ՓԲ ընկերության (Amundi-Acba Asset Management) գլխավոր գործադիր տնօրեն Ժան (Հովիկ) Մազեջյանի գլխավորած պատվիրակությանը, գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանին, գլխավոր գործառնական տնօրեն Հասմիկ Պետրոսյանին, ինչպես նաև «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության ներդրումային բանկային գործառնությունների տնօրեն՝ Առնո Մոսիկյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԷՑ ՓԲ ընկերության գխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման հարցերով տնօրեն Լ. Օհանեսյանը, գխավոր տնօրենի խորհրդական Մ. Պողոսյանը:
Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2025 թ. հուլիսի 18-ի ՀՀ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշման մանրամասները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նոյեմբերի 17-ին ՀՀ ՀԾԿՀ-ի համապատասխան որոշմամբ ՀԷՑ-ի բաշխման լիցենզիայի դադարեցման հանգամանքներին:
Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ մատնանշվել է ընթացիկ փուլում ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բավականին կայուն և բարենպաստ լինելու հանգամանքը, ինչը երաշխավորում է ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարելու հանձնառությունը:
Ի պատասխան հնչեցված բազմաբնույթ հարցադրումների՝ ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև Ընկերության ներկա ֆինանսական վիճակը և ընթացիկ գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Ամունդի-Ակբա Ասեթ ըենեջմենթ» ՓԲ ընկերության (Amundi-Acba Asset Management) հետ ընթացիկ համագործակցության շրջանակում առկա մի շարք հարցեր՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունը շարունակելու ակտիվ և փոխշահավետ փոխգործակցությունը։ Միաժամանակ արձանագրվել է երկկողմ պարբերական աշխատանքային հանդիպումների անցկացման կարևորությունը։