«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին անդրադառնալով Հայաստան-Վրաստան հարաբերություններին, կարծիք հայտնեց, թե երկու երկրներների միջև խոչընդոտները պետք է ավելի արագ և դինամիկ հաղթահարվեն՝ ի շահ երկու երկրների տնտեսությունների, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեց՝ կա՞ն երրորդ երկրների ազդեցություններ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա հատկապես տարանցիկ բեռների հետ կապված հարցերում:
«Համաձայն եմ, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ որևէ խոչընդոտ չի կարող լինել, այն էլ՝ երրորդ երկրների կողմից: Չեմ կարող նշել այդպիսի որևէ ներգործություն Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պարագայում: Ամեն դեպքում խոսակցությունն այնքան անկեղծ է Հայաստանի և Վրաստանի միջև, որ եթե նույնիսկ լինի այդպիսի մի ներգործություն, չենք կաշկանդվի, դրան կանդրադառնանք»,- ասաց Խանդանյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությանն ու առհասարակ հարաբերությունների հեռանկարին. «Նաև նոր հորիզոններ են բացվում մեր երկկողմ հարաբերությունների համար՝ հաշվի առնելով նաև ապաշրջափակման կոնտեքստը, և այն հնարավորությունները, որը կտա Հայաստանի ապաշրջափակումը, որի արդյունքները մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես ենք մենք ստանում, ներկրումներ ունենում նաև Վրաստանի երկաթուղու միջոցով»: