Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ: ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:
«Սույնով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում կարևորվում են հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը, մարզադպրոցների հավաստի վարչական տվյալների առկայությունը, այդ թվում՝ մարզադպրոցների կոնտակտային տվյալները, գործող մարզաձևերը, խմբակները, սաների ցուցաբերած արդյունքները»,- հայտնեց Ավագյանը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի մասնակիցների համամասնության: