ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ։
«Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնել է Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։
Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում։
Զրուցակիցներն անդրադարձան նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։