Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառման արդյունքում ընդարձակվել է չվերթեր իրականացնող ուղղությունների աշխարհագրությունը:
Սակայն օրենքի կիրարկման ընթացքում առաջացել են որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթեր իրականացնել նոր ուղղություններով և օգտվել վերոնշյալ արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:
Վերոնշյալը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթներ չեն կարողացել իրականացնել և օգտագործել են թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից:
Փոխնախարարը ներկայացրել է նաև մյուս փոփոխությունը՝ նշելով, որ այժմ օդի տուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է 36 ամիս ժամկետով՝ 24 ամիս երկարաձգելու հնարավորությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հինգ տարի չվերթեր իրականացնող շատ ուղղություններով կա դրական արդյունք, Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը:
Հարցը քննարկվել է հունվարի 19-ին: