Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին քննարկվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, ինչը վերաբերում է երկու երկրների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին:
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պարզաբանեց, որ նախագծի տրամաբանությունը բխում է անօրինական միգրացիայի դեմ պայքարից: Ըստ այդմ՝ սահմանվում են երկու ստորագրող կողմերի միջև փոխադարձաբար միմյանց տարածքում ապօրինաբար գտնվող քաղաքացիների վերադարձման ընթացակարգերը, լիազոր մարմինները, ռեադմիսիայի համար անհրաժեշտ փաստաթղթերը, փոխանցման կարգը:
«Այս փաստաթղթավորումն իրականացվում էր սովորական երկկողմ համագործակցության ձևաչափով, ըստ այդմ՝ հիմա առավել ֆորմալիզացնում ենք:
Նման պայմանագրեր ունենք ԵՄ-ի հետ: ԵՄ 14 երկրների հետ ունենք նաև ընդհանուր պայմանագրից բխող կիրարկման արձանագրություններ, ինչպես նաև ոչ ԵՄ տարածքից նման պայմանագրեր ունենք ՌԴ-ի և Բելառուսի հետ՝ վավերացված և ուժի մեջ մտած: Վրաստանը կլինի երրորդ երկիրը ոչ ԵՄ տարածքում, որի հետ կունենանք ռեադմիսիոն համաձայնագիր»,-ասաց նա: