ՊՆ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այս ցավոտ թեման: Մեզ համար ևս յուրաքանչյուր զինծառայողի մահվան դեպքը ողբերգալի է: Դուք կապում եք խաղաղության հետ՝ մոռանալով հիշատակել, որ 2025-ին հակառակորդի հետ շփման գծում մենք մահվան որևէ դեպք չենք ունեցել: Ես ուզում եմ դա ֆիքսել որպես խաղաղության պարգև և դրական ցուցանիշ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե խաղաղ պայմաններում 2025-ին 30 զինծառայող է զոհվել, որոնցից 24-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում: Պատգամավորը հետաքրքրվել էր՝ պատժամիջոցներ կիրառվե՞լ են, և արդյոք ՊՆ-ն հետևություններ արե՞լ է:
«Ինչ վերաբերում է զոհերին, որոնք խաղաղ պայմաններում են եղել, բնականաբար, սա մտահոգիչ է, բայց նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել, եթե տեղեկացված չեք, որ վիճակագրությունը մշտապես ներկայացվում է համեմատության մեջ, և համեմատության մեջ մենք ունենք դրական շարժընթաց: Կապ չունի՝ ում համեմատությամբ՝ 2024-ի համեմատությամբ, նաև միգուցե ուրիշ տարիների համեմատությամբ, օրինակ, երբ (կներեք, չեմ ուզում քաղաքականացնել, բայց...) ՊՆ-ն ղեկավարվել է իշխանական այն խմբակցության կամ քաղաքական ղեկավարության կողմից, որի ներկայացուցիչը դուք եք:
Բանակում մշտապես եղել են նման դեպքեր, և կխնդրեմ՝ վերլուծությունը և համեմատությունն անեք ընդհանուրի մեջ, կտեսնեք՝ ձեր պաշտոնավարման տարիներին՝ ձեր քաղաքական ղեկավարության, եղե՞լ են արդյոք դեպքեր, թե՞ չէ: Եթե եղել են, 2025-ի համեմատությամբ շա՞տ են դեպքերը, թե՞ չէ, ընդհանուր դեպքերից քանի՞սը կապ ունեն ծառայության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ՊՆ-ն հետևություններ չաներ, դրական շարժընթաց չէր ունենա: