Համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել վարչապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է կառույցի կազմում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը և դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծմանը: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հունվարի 19-ին Ազգային ժողովի գումարած հերթական նիստի ժամանակ՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դիմումների ներկայացումն իրականացվելու է ոչ թե սպասարկման գրասենյակներում, այլ խորհրդատվական կենտրոններում: Գործառույթների փոխակերպման ու օպտիմալացման համատեքստում Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է կատարել իր կանոնադրության մեջ ևս, որոնց հետևանքով նախորդ տարի որոշակի քանակով սպասարկման գրասենյակներ փակվել են, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ՝ խորհրդատվական կենտրոններ, որոնք իրենց գործառութային առումով ավելի լայն ֆունկցիոնալություն ունեն, քան սպասարկման գրասենյակները:
Նանե Ղազարյանը նշել է, որ աճել է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակը: Ըստ այդմ՝ 2021 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե է ներկայացվել 180103 դիմում: 2025 թվականին այդ թիվն արդեն աճել է մի քանի անգամ ու կազմել 705167 դիմում, մինչդեռ թղթային եղանակով ներկայացված դիմումների թիվը եղել է 333000:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը, պատասխանելով պատգամավորների հարցերին, մասնավորապես նշել է, որ օպտիմալացման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և հորդորել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին: