Ռեյտինգը կայուն բան չի կարող լինել: Ի սկզբանե մեր աշխատանքը սկսում ենք զրոյից, չգիտեմ՝ 0,0 տոկոսից, այսինքն՝ 0-ից սկսում ենք քարոզարշավ անել և գնալ առաջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է ակնկալում` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխող թիմը «50+1» կհավաքի:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ակնհայտ է, որ հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից և դրան հաջորդած իրադարձություններից հետո իշխող թիմն անցողիկ շեմը հաղթահարելու որևէ խնդիր չունի, թեպետ նաև կարծում է՝ դրանից առաջ էլ չի ունեցել:
«Մեզ համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և գնում ենք այդ ուղությամբ: Իմ ընկալմամբ՝ դա ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք: Ենթադրում եմ՝ մենք հիմա ավելի շատ ձայն ենք ունենալու, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան այն 54 տոկոսը, որն ունեցանք 2021-ին»,- ասաց նա:
Հարցին՝ այսինքն՝ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ իշխող թիմի վարկանիշը հիմա ավելի բա՞րձր է, քան 2021-ի էր, ԱԺ նախագահը պատասխանեց՝ 2021-ի քվեարկությունը լրիվ այլ բանի մասին էր, վարկանիշային քվեարկություն չէր, այլ հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին: