Անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում՝ խաղաղ պայմաններում, և հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ եթե նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ:
Նախագծով մի շարք այլ կարևոր դրույթներ էլ են սահմանվում։ Օրինակ՝ անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է, երբ նրա գտնվելու կամ հուղարկավորության վայրը, կամ նրա մարմնի մասունքների գտնվելու վայրը պարզելուց հետո 3 օրվա ընթացքում այդ մասին նշվում է համապատասխան նորաստեղծ ռեեստրում։
«Անհայտ կորած անձի՝ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է սահմանվում ԱԱԾ-ն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն կիրականացնի նաև անհայտ կորած անձանց հետ կապված աշխատանքների համակարգում, տեղեկատվության ստացում, հավաքագրում, հետախուզում, ընտանիքի անդամների հետ հաղորդակցություն։
Նախագծով սահմանվում է նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքի անդամները հարկային, կրթական մի շարք այլ արտոնություններից կօգտվեն։ Օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում տարին մեկ անգամ պետությունը նրանց կարող է վճարել միանվագ դրամական օգնություն։ Եթե անհայտ կորածի ընտանիքը չունի բնակարան կամ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում, ապա պետությունը կարող է նրանց սեփականության իրավունքով հատկացնել բնակարան կամ այն ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ։
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։