Գազայի հատվածում հակամարտության դադարեցման՝ 20 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Հրադադարից անցնում ենք ապառազմականացման, տեխնոկրատական կառավարման և վերակառուցման»,- նշել է նա՝ հավելելով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ կվերադարձնի իսրայելցի վերջին պատանդի մասունքները։ Ուիթքոֆի խոսքով՝ եթե դա տեղի չունենա, լուրջ հետևանքներ կլինեն:
Միևնույն ժամանակ, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան հայտարարել են, որ Գազան կառավարելու համար պաղեստինյան տեխնոկրատական հանձնաժողովի ստեղծման գործընթացն ավարտվել է: Երեք միջնորդները սա անվանել են «կարևոր զարգացում» անկլավում կայունության և հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Մինչ այս Կահիրեում հանդիպում էին անցկացրել պաղեստինյան խմբավորումներն ու քաղաքական ուժերը:
Գազայի հատվածում հրադադարը դեռ փխրուն է: Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարբերաբար իրար մեղադրում են հրադադարի խախտման համար: