Փաստաթղթում հստակ նշված է, որ Front Office-ը կամ ընդունարանը չի որոշում: Որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ Back Office-ը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ի շահագործման շրջանակում Front Office-Back Office մոդելի ընտրությունը չի՞ նշանակում, որ հայ սահմանապահներն ադրբեջանցիներին չեն հանդիպելու, և որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու այնպես, ինչպես, օրինակ, հիմա «Զվարթնոց» օդանավակայանում է, և TRIPP-ի շրջանակում հայ սահմանապահներ անձնամբ չեն ստուգելու մեկնող-ժամանողներին:
«Հիշատակեցիք «Զվարթնոց» օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում «Զվարթնոց» օդանավակայանը, որի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ, և դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց «Զվարթնոցի» հետ կապված կարգավորումներում որևէ կերպ չի տուժել: Հետևաբար այն, ինչ տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքում, ՀՀ մայրաքաղաքի հարևանությամբ, նշանակում է՝ նույնը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած այլ տարածքում, և դա մեզ համար ընդունելի է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ նախագծի շրջանակում հայկական կողմը ստանալու է մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում Հայաստանում չեն եղել, մինչդեռ շատ զարգացած երկրներում դրանք արդեն իսկ ներդրված են:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ի նման երկիրը և բազմաթիվ այլ երկրներ, թե ինչքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության, անվտանգության հարցերով: Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու: Հույս ունեմ, որ մենք ոչ միայն TRIPP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնել, որովհետև դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում»,- ասաց նա: