Շարունակում ենք մեր օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը: Ներկայացվող փաթեթով մոտարկում ենք ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի՝ ՀԸԳՀ) ևս 4 հրահանգ: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 15-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այդ 4 հրահանգները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցներին:
Նախագծով սահմանվում են նաև անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է:
«Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող՝ միանալու պայմանագրերում վաճառողները և ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառվելու դեպքում կհամարվեն առոչինչ: Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է ԵՄ կարգավորումների հետ, այսինքն՝ մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ, և դա է հիմնական արձանագրումը:
Սա համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է»: