Պինդ, լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում տեսակցելուց հետո։
«Գիտենք, որ ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով, վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է։
Խոսեցինք, շփվեցինք, տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Երջանիկ է, ուրախ է և իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»,-նշեց նախարարը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։
Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց: